Դաժան ու ողբերգական ավտովթար Երասխի «կալցեվոյում». պարսիկ վարորդը մեքենաների ջարդ է արել


Այսօր` օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեվոյի» մոտ, բախվել է 7 ավտոմեքենայի: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել և վերածվել են մոխրակույտի, մի քանի ավտեմեքենաներ էլ վերածվել են մետաղի ջարդոնի: Օպերատիվորեն են գործել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի և Վեդիի թիվ 26, 28 հրշեջ-փրկարարական ջոկատները` մարզի փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ով տղամարդ էր, իսկ 9 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի, Վեդիի շտապօգնության բրիգադները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխվել են Արարատի և Վեդիի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խանութների և գազալցակայանի աշխատակիցները: Հիմնականում վիրավորներին վառվող ավտոմեքենաների միջից դուրս է բերել վնասված Mercedes-ի վարորդը, նա առաջինը դուրս է բերել մյուս ավտոմեքենաների մեջ գտնվողներին, իսկ հետո նոր իր ավտոմեքենայում գտնվող հարազատներին: Ու եթե Mercedes-ի վարորդը կյանքի գնով չփրկեր այդ քաղաքացիներին զոհերի թիվը մեծ էր լինելու, առաջին հերթին պատկան մարմինները պետք է շնորհակալությունը հայտնեն այդ քաղաքացիներին փրկած անձանց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել մարզպետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները` փոխմարզպետ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Սամսոն Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տեղում ճանապարհային ոստիկանների հետ աշխատում են ոստիկանության Արարատի և Վեդիի բաժնի աշխատակիցները, որպեսզի խցանում տեղի չունենա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարսիկ վարորդի, վթարված ավտոմեքենաների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: *** 14:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ պարսկական համարանիշներով բեռնատարը վարել է Իրանի Հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչ, 58-ամյա Իսմաիլ Նաջաֆի Խանիղերրոլդին: *** Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի արդյունքում զոհվածը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 42-ամյա Վահրամ Արզումանյանն է: Վերջինս 2010 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հայրն է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹ








Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!