Այսօր Շոկոլադի միջազգային օրն է




Այսօր` սեպտեմբերի 14-ին, աշխարհը տոնում է Շոկոլադի միջազգային օրը: Շոկոլադն իր անունը ստացել է կակաոյի սերմերով պատրաստված հրուշակեղենի անվանումից։

Շոկոլադի պատմությունը Մ.թ. 7-րդ դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դդյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը։ Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ։ Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնթեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը։ Եվ բացառված չէ, որ նա և մյուս առաջնորդները հաստատ կդատապարտեին այն եվրոպացիների տգիտությունը, ովքեր, վախենալով շոկոլադի վնասակարությունից, պետք է զրկեին իրենց այն վայելելու հաճույքից։

Բայց պետք է ասել նաև, որ Ամերիկան հայտնաբերելով՝ ոչ բոլոր եվրոպացիներն այդքան դաժան գտնվեցին սեփական անձի նկատմամբ. շատերը ճիշտ և ժամանակին գնահատեցին ինչպես հնդկացիների ոսկին, այնպես էլ «կակասոլատան»՝ կակաոյի պտուղները։ Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլումբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն, բարեբախտաբար, չափազանց դառը թվաց, և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ։ Եվրոպական մյուս ազգերին «հնդկացիական ժառանգությունից» բաժին հասավ միայն կես դար անց. երբ իսպանացիները հասցրել էին, թերևս, մի կուշտ վայելել այն։

Արդեն 17-րդ դարում այն եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր։ Սև և սպիտակ շոկոլադ Առաջինը «համբուրվելով» Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը. ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված «շոկոլադոֆոբերի» կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար, նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։

Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը 19-րդ դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։ 1820թ. մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ և Սանս»–ի սալիքների ձևը։ 1828 թվականին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։ 1875-ին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել «շոկոլադի երկիր»։ Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House-ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920-ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով։



Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!