Ոչ թե խորհրդարանում տեղ հատկացնել, այլ մարզերում պաշտոններ տալ. Ռուստամ Բաքոյան



Նոր առաջարկվող Սահմանադրությամբ ԱԺ-ում ազգային փոքրամասնություններին տեղ հատկացնելը ներհամայնքային պառակտությունների պատճառ կհանդիսանա: Այս պահին էլ կոնֆլիկտային իրավիճակները սկսվել են: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը: «Չկա հանրային պահանջ: Սահմանադրական փոփոխություններն առաջարկել է մի կուսակցություն, որը իշխանության գլուխ է կանգնած և, ըստ երևույթին, վերարտադրության խնդիր ունի: Շահարկվում է այն, որ ԱԺ-ում տեղ է հատկացվում ազգային փոքրամասնություններին, և խոսակցություններ են շրջանառվում, որ ազգային փոքրամասնություններին սկսում են հավասարը հավասարին նայել, ինչը, կարծում եմ, աբսուրդ է: Նախորդ Սահմանադրությունը թերի կողմեր չունի, պետք է պարզապես այն գործի դնել, այլ ոչ թե միայն թղթի վրա թողնել: Եթե սահմանադրական փոփոխությունները չընդունվեցին, ապա իրենց տեղը ԱԺ-ում փնտրող ազգային փոքրամասնություններն ի՞նչ պետք է անեն: Նշանակում է՝ մենք վերադառնում ենք հին տաշտակին»,- նկատեց նա: Ըստ Բաքոյանի՝ ազգային փոքրամասնություններին պետք է ոչ թե խորհրդարանում տեղ հատկացնել, այլ դրա փոխարեն Հայաստանի այն մարզերում, որտեղ ապրում են եզդիները, պաշտոններ տան: «Կարող են տալ, օրինակ, փոխմարզպետի պաշտոն կամ պաշտոններ՝ ոստիկանական, դատական համակարգում, կամ որևէ պետական այլ կառույցում: Այդ քայլով տվյալ անձը կկարողանա բարձրացնել և լուծել իր ազգի խնդիրները: Ես գրեթե վստահ եմ, որ 131 պատգամավորների մեջ մի եզդին չի կարող որևէ հարց լուծել: Մենք հիմա տեսնում ենք, որ ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ն չեն կարողանում առնել հանրապետականների դեմը, ովքեր մեծամասնություն են պառլամենտում, ուր մնաց՝ մի եզդի: Օրինակ` խորհրդարանում ամիսներ առաջ դրվեց եզդիների, ասորիների և հույների ցեղասպանությունը ընդունող նախագիծ, որից հանրապետականները հանեցին եզդիներին ցեղասպանության ենթարկելու փաստը: Եթե, ասենք, էնտեղ լիներ եզդի պատգամավոր, չեմ կարծում, նա որևէ բան կարող էր անել: Հանրապետականները ուզում են, ուրեմն տվյալ օրինագիծն անցնում է, չեն ուզում՝ չի անցնում»,- ընդգծեց Բաքոյանը: Վերջինս, անդրադառնալով եզդի հասարակական գործիչների այն հայտարարություններին, որտեղ նրանք նշում են, թե եզդիները կողմ են սահմանադրական փոփոխություններին, և այն կարող է դրականորեն փոխել եզդիների իրավիճակը, ասաց. «Ոչ մի եզդիական կազմակերպություն չի կարող իրեն իրավունք վերապահել խոսելու եզդիական համայնքի անունից: Նույնիսկ փորձ չի արվել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ներհամայնքային քննարկումներ անցկացնել: Այդ կազմակերպություններն իրավունք ունեն միայն իրենց կազմակերպությունների անունից խոսելու, բայց ոչ ավելին: Շատ եզդիներ ձուկը ջուրը, որսի են դուրս եկել և սկսել են արդեն քծնանքի միջոցով իրենց տեղը ապահովվել Ազգային ժողովում»:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!