Դե, խաղա այ խաղացող




Խաղում են գրեթե բոլորը, այդ թվում՝ կենդանիները: Եվ խաղերը լինում են ոչ միայն մարզական: Կան օլիմպիական խաղեր, քաղաքական և աշխարհաքաղաքական խաղեր, ֆինանսական և շուկայական (բորսայական) խաղեր, հանցագործ խաղեր, ռազմական խաղեր (զորավարժություններ), թատերական-դերասանական խաղեր, անբարոյական մարդկանց խաղեր, ձիարշավ, առնետավազք, վախ ներշնչող և վախ հանող խաղեր, մահացու ելքով և վերածնման հույսով խաղեր, սիրախաղեր, և այլն: Խաղերի հիմքում մարզական հետաքրքրությունը մտել է մի քանի հազար տարի առաջ, երբ մարդու մարմնի և մտքի հնարավորությունները համարվեցին անսահման: 

Այդ ժամանակներից մարզական խաղերի և մրցույթների միջոցով փորձում են ընդլայնել մարդու հնարավորությունները դեպի անսահմանություն, մարզիկները ձգտում են գերազանցել նախորդների ցուցանիշները և սահմանել նոր ռեկորդներ: Թյուր տպավորություն կա, թե խաղը էական հակասության մեջ է իրականության կամ կյանքի հետ: Այդ տպավորությունը ստեղծվում է այն բանից հետո, երբ մրցակիցները, որոնք խաղի ժամանակ գործում են միմյանց դեմ, ձգտում են միմյանց վնասել, երբեմն նույնիսկ ոչնչացնել, սակայն խաղից հետո ձեռքսեղմում են, գրկախառնվում, փոխանակվում փոխադարձ գովեստներով: Սա խաղի բարոյական պահանջ-նորմ է: Եվ դա արվում է երկրպագուների համար, որ երկրպագուներն օրինակ վերցնեն իսկական խաղացողներից և միմյանց նկատմամբ չթշնամանան խաղից հետո: Օրինակ. ընտրություններից հետո ձեռքսեղմում են, որ ժողովուրդն ազգի հետ չթշնամանա: Քաղաքական խաղերը նույնպես խաղ են, չնայած, որ դրանց կանոնների կամ տրամաբանության մասին գրավոր տեղեկություններ չկան: Քաղաքականությանը որպես պրիմիտիվ խաղ են վերաբերվում նրանք, որոնք քաղաքական գործընթացների մեջ են ներգրավվում ոչ քաղաքական՝ խաղային կամ թաղային հետաքրքրությամբ: Եղել է, որ անգութ զավթիչը, բռնակալը նվաճված, կախյալ երկրի ժողովրդի կամ իր հպատակների ճակատագրի հետ անխղճորեն խաղացել է, նրանց իր հաճույքի կամ քմահաճույքի համար զանգվածաբար բնաջնջել կամ աքսորել է: Սակայն եթե հասարակության մեծ մասը, այդ թվում՝ ակտիվը, քաղաքական սակավ գիտելիքներ ունի, կամ քաղաքականության մասին ունի աղավաղված-այլասերված պատկերացումներ, ապա նրան հասկանալի չի լինում ոչ մի քաղաքական գործընթաց: Եվ նրան թվում է, թե ցանկացած քաղաքական գործընթաց խաղ է, որը խաղում են խաղային հետաքրքրությունից ելնելով՝ սոսկ հաղթելու և սահմանված դրամական պարգևը ստանալու, ինչպես նաև՝ ձանձրույթը հաղթահարելու համար: Այս մոտեցումը լրջորեն քայքայում է քաղաքական համակարգն ու միտքն ընդհանրապես: Մշակութաբաններն առաջակում են այս խնդրին մոտենալ հակառակ կողմից: Այսինքն՝ նախքան քաղաքականության մասին հասարակական պատկերացումներն առողջացնելը, պետք է խաղի մասին բացասական-անլուրջ վերաբերմունքը վերացնել հիմնովին, որովհետև խաղը մարդ-մարդ, մարդ-աշխարհ, մարդ-բնություն ներդաշնակության բանալին է: Այն ճշմարիտ է, ռեալ է և հումոր է միաժամանակ:

Նյութի աղբյուր` Shamshyan.com

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!