Նոր տարվա տոնը




Դեռեւս հնագույն ժամանակներում մարդիկ նկատել էին տարվա եղանակների ցիկլային բնույթը: Մեր թվարկությունից առաջ II հազարամյակում շումերները օրացույց էին ստեղծել, որը 12 ամսից էր կազմված: Ամիսները սահմանված էին որպես լուսնի իրար հաջորդող նույնանման փուլերի միջեւ ընկած ժամանակահատված: Հին Չինաստանում մոտավորապես մթա VI դարում ճշտել էին արեւային տարվա տեւողությունը` 365,25 օր: 

Նոր տարուն անցումը նշանավորող տոնի ծննդի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան: Պատմական փաստաթղթերի համաձայն, մթա III հազարամյակում Միջագետքում արդեն տոնում էին Նոր տարին: Սակայն որոշ պատմաբաններ պնդում են, որ այդ տոնն ավելի հին է: 

Մոտավորապես այնպես, ինչպես մենք ենք ներկայումս տոնում, նոր տարին տոնվում էր Հին Եգիպտոսում: Այն ժամանակ տոնում էին մեծն Նեղոս գետի սեպտեմբերյան վարարումը, ինչը կարեւոր իրադարձություն էր եւ նշանավորում էր ցանքի նոր սեզոնի սկիզբը: Այդ օրը (իսկ ավելի ճշգրիտ` գիշերը) երաժշտություն էր հնչում, պարեր էին կազմակերպվում, մարդիկ իրար նվերներ էին տալիս: 

Հին Հայաստանում օրացույցը կազմված էր 12 ամսից, որոնցից յուրաքանչյուրը 30 օր ուներ, եւ 5 օրանոց մեկ լրացուցիչ ամսից: Որոշ տվյալների համաձայն, մեր նախնիները նոր տարվա միանգամից երեք տոն էին նշում` Ամանորը, Նավասարդը եւ հունվարի 1-ը: Հնագույն ժամանակներում հայերը նոր տարին տոնում էին մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը: Նավասարդը, որի արմատները հասնում են մինչեւ մ.թ.ա. մի քանի հազարամյակ, տոնվում էր օգոստոսի 11-ին: Իմիջիայլոց, Հայաստանում ներկայումս Նավասարդը տոնվում է որպես ազգային ինքնության օր: 

Նոր տարվա սկիզբը տարբեր ժողովուրդների մոտ տոնում էին տարբեր ժամանակներում: Հուլիոս Կեսարի մտցրած նոր օրացույցում նման օր դարձավ հունվարի 1-ը (երկդիմի աստված Յանուսի անունով, որը խորհրդանշում էր անցյալը եւ ապագան: Այդ ժամանակվանից է գալիս տները զարդարելու ավանդույթը: Հռոմեական կայսրության անկումից հետո այդ սովորությունը տարածվեց նրա տարածքում ձեւավորված քրիստոնեական երկրների վրա: Սակայն ներկայիս Եվրոպայում (նաեւ ` ԱՄՆ-ում, Կանադայում եւ մի շարք այլ երկրներում) այդ տոնն իր նշանակությամբ զիջում է Սուրբ ծննդին: 

Խորհրդային իշխանությունը «կրոնի դեմ պայքարի» ժամանակաշրջանում Սուրբ ծնունդը որպես պաշտոնական տոն վերացրել էր: Դրան ի հակակշիռ, 1936-ին դեկրետ էր հրապարակվել, որը թույլ էր տալիս, հանրային, պաշտոնական եղանակով տոնել Նոր տարին: Եղեւնին եւս պաշտոնապես «ճանաչեցին», սակայն նրա վրա, ութթեւանի Բեթղեհեմյան աստղի փոխարեն, թույլ տրվեց կարմիր հնգաթեւ աստղ տեղադրել: ԽՍՀՄ-ի փլուզման հետ Սուրբ ծնունդը վերականգնեց իր իրավունքները մի շարք հետխորհրդային պետություններում: Սակայն իներցիայի բերումով Նոր տարին շատերի համար մնում է տարվա ամենասիրելի տոնը:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!