2 տարեկան երեխայի մոտ H1N1 չի հայտնաբերվել


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող սիսիանցի 2 տարեկան 9 ամսական երեխայի մոտ H1N1 չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը տեղեկացնում է, որ այս իրավիճակում գրիպի H1N1 ենթատեսակի լաբորատոր հետազոտություն իրականացվում է վերակենդանացման բաժանմունքներում բոլոր բուժվողների շրջանում, նմուշառում է կատարվել նաեւ նշված հիվանդից։ Երեխան բուժվում է «մենինգոէնցեֆալիտ» ախտորոշումով։ Հիշեցնենք, որ ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասել էր ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը, սիսիանցի 2 տարեկան 9 ամսական երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հունվարի 11-ից:
«Հունվարի 9-ին բերել են երեխային, հարված էր ստացել գլխին: Նրա մոտ հայտաբերվել է սուր շնչառական վարակ ու գանգուղեղի ցնցում: Հայրը հրաժարվել է, որ երեխան հոսպիտալացվի, գրություն է թողել, տարել տուն, ինչից երկու օր հետո երեխան վատացել է, ցնցումներ է ունեցել, գիտակցության կորստով բերել են մեզ մոտ»,- ասել էր Լեւոն Գրիգորյանը` նշելով, որ նախնական ախտորոշմամբ` երեխայի մոտ H1N1 տեսակի վիրուս է, ինչը ուղեկցվել է երեխայի գլխուղեղի ցնցումով, այդ պատճառով նրա վիճակը բարդացել է:

Նյութը՝ Լուսի Եղիազարյանի

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!