Աղաբլիթ ուտելուն ընդառաջ. Ինչպիսի՞ են լինում մարդու երազներն ու ի՞նչ են նշանակում

Կան երազների սյուժեներ, որոնք ընդհանուր են ամբողջ մարդկության համար, բայց նույն սյուժեն իր եզակի իմաստն ունի յուրաքանչյուրի համար
Քնելով, մենք գիտակցության փոփոխված վիճակում ենք հայտնվում: Դա ենթագիտակցության տարածքն է, որտեղ մեր ներքին էությունը հանդիպում է արտաքին «Ես»-ին: Ենթագիտակցության լեզուն խորհրդանշական է, ասոցիատիվ և միստիկորեն անկանխատեսելի: Սակայն, չնայած թվացող խճճվածությանը, այդ «երկխոսությունը» շատ հագեցած է ու բանալի ինքնաճանաչման համար: Հնում մարդիկ կարծում էին, որ դա հոգու իրականությունն է, որը կապված չէ մարմնականի հետ: Մարդաբանները կարծում են, որ յուրաքանչյուր քաղաքակրթությանը զարգացման որոշակի փուլում հատուկ են եղել պատկերացումները, որ քնած ժամանակ հոգին դուրս է գալիս մարմնից ու շփվում աստվածների և չարքերի հետ: Սակայն, չնայած բազմաթիվ հետազոտություններին, նյարդաֆիզիոլոգների համար քնի ֆենոմենը հանելուկ է մնում: Կարծես թե, օրգանիզմին հանգիստ տալու համար գիտակցությունն անջատելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Առավել ևս անհասկանալի է դառնում երազների նշանակությունը: Ինչո՞ւ է ուղեղը հանգստանալու փոխարեն, շարունակում ակտիվ աշխատել և պատմություններ «հորինել»: Գերմանացի նյարդաֆիզիոլոգներ Մարտին Դրեսլերը և Միխաել Ցզիշը փորձերի ժամանակ ցույց տվեցին, որ այն, ինչ կատարվում է մեզ հետ քնած ժամանակ, ոչ միայն ուղեղի կեղևի տեսողական կենտրոնում առաջացող «պատկերների» տեսքով գոյություն ունի, այլև լիարժեք վերապրումի: Մենք երազը կինոֆիլմի պես չենք դիտում, այլ ամբողջությամբ, տառացիորեն բոլոր նեյրոններով, ընկղմվում ենք կատարվող իրադարձությունների մեջ: Բազում հետազոտություններ հավաստիորեն վկայում են, որ երազ տեսնելիս մեր գլխուղեղն աշխատում է նույնքան ինտենսիվ, որքան արթուն ժամանակ, իսկ երազի որոշ փուլերում նույնիսկ ավելի արագ: Կան մի շարք հավաստի վկայություններ, որ այդ ընթացքում ամրապնդվում է հիշողությունը, հիշողությունները կարճաժամկետ փուլից անցնում են երկարաժամկետ հիշողություն: Բացի այդ, երազը պահպանում է քունը, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Այն ամենն, ինչ կարող է խանգարել մեր քունը, օրինակ, ձայներն ու զգացողությունները, երազը ներառում է իր սյուժեի մեջ այնպես, որ մենք չարթնանանք: Երազը մի քանի փուլ ունի, որից յուրաքանչյուրը տևում է 90 րոպե: Սկզբից քնկոտությունը փոխարինվում է մակերեսային քնով, որից հետո սկսվում է առաջին փուլը` խորը «դանդաղ» քունն առանց երազների, որը փոխարինվում է երազներով ուղեկցվող «արագ քնով» (այն ուղեկցվում է աչքերի արագ շարժումներով): Նորածնի մոտ «արագ քունը» քնի ընդհանուր ժամանակի կեսից ավելին է կազմում, մինչև 2 տարեկան երեխաների մոտ` 30-40%, իսկ մեծահասակների մոտ` 15-25%: Սա է պատճառը, որ որոշ գիտնականներ պնդում են, թե քունը կարևոր դերակատարություն ունի ուղեղի հասունացման գործում: Երազները 40% բաղկացած են օրվա տպավորություններից: Մնացածը` մեր վախերի, տագնապների, հոգսերի հետ կապված իրավիճակներ են: Լինում են հատուկ երազներ, որոնց ժամանակ քնած մարդը գիտակցում է, որ գործողությունն իրական չէ, լինում են նաև մարգարեական երազներ: Գիտնականներն ընդունում են այդ փաստը, սակայն չեն կարող բացատրել դրա առաջացման մեխանիզմները: Այդ ոլորտում արդեն ավելի քան 40 տարի բազմաթիվ էքսպերիմենտներ են անցկացվում: Առավել հայտնի են ամերիկացի հոգեվերլուծաբան Մոնտագ Ուլմանի հետազոտությունները (Montague Ullman, Dream Telepathy: Experiments in Nocturnal ESP, McFarland, 1989թ.): Կան երազների սյուժեներ, որոնք ընդհանուր են ամբողջ մարդկության համար, սակայն նույն սյուժեն իր եզակի իմաստն ունի յուրաքանչյուրի համար: Հոգեբանները պնդում են, որ երազներն աշխատում են հօգուտ մեզ, նույնիսկ եթե դրանց կերպարները սարսափազդու են: Օրինակ, մղձավանջները վկայում են մեր չբավարարված ցանկությունների և տագնապների մասին, իսկ երազում մեզ հետապնդող կերպարները մարմնացնում են մեր անձի այն կողմերը, որոնցից մենք վախենում ենք և ինչ-որ տեղ ամաչում: Սակայն եթե մենք ուշադիր ուսումնասիրենք «ուղերձը», որն առկա է երազում, ապա սկզբնական վախը կնվազի և հնարավորություն կտա ձերբազատվել մղձավանջից:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!