Արտակարգ դեպք Արարատի մարզում. ընտանիքի անդամները տան փլուզման պատճառով հայտնվել են բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ



Արդեն 2 օր է, Արարատի մարզի Գոռավան գյուղի 5 հոգուց բաղկացած ընտանիքը գիշերում է բաց երկնքի տակ: Հունվարի 7-ին նշված գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 տանը գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել փլուզում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն ասում էին, որ լսել են ուժեղ պայթյունի ձայն, ինչից հետո ականատես են եղել նրան, որ տունն ամբողջովին վերածվել է ավերակների: Միակ սփոփանքը եղել է այն, որ տան անդամներն այդ պահին տանը չեն եղել: Տունը պատկանում է 31-ամյա Սերոբ Պողոսյանին և, ըստ նախնական տեղեկությունների, փլուզման պատճառը եղել է գազի պայթյունը, ինչի առթիվ փորձաքննություններ են նշանակվել: Տան անդամներից 3-ը անչափահասներ են և գիշերում են կամ բարեկամների տանը, կամ էլ դրսում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասում էր. «Իրավիճակի մասին տեղյակ եմ և գյուղապետին երկուշաբթի օրը կանչել եմ ինձ մոտ և մեր հնարավորության սահմաններում օգնելու ենք մեր բնակչին»: Բնակիչների հույսը նաև Ազգային ժողովի պատգամավոր Գրիգորյանն է ու, նրանք վստահ են, որ պատգամավորն էլ իրենց օգնության ձեռք կմեկնի: SHAMSHYAN.com-ը և BLOG-ARM.ru-ն դիմում է բարեգութ մարդկանց՝ խնդրելով հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին, ինչը նաև աստվածահաճո գործ կլինի: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:


Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!