«Անիկը մասսայական քաշքշեց, ամենավերջին բառերը ասաց…»



Մարտի 23-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի հերթապահ բրիգադը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 41 տուն, որտեղ 2-րդ հարկում հայտնաբերել են կախված կոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն տան միայնակ բնակչուհի, 70-ամյա Զ. Ա.-ն, ով սավանով կախվելու եղանակով 2-րդ հարկի պատուհանի ճաղավանդակից ինքնասպան է եղել: Զննությամբ տան խոհանոցում սեղանի վրա հայտնաբերվել է ծոցատետր, որտեղ գրված է. «Այսօր Անիկը մասսայական քաշքշեց, ամենավերջին բառերը ասաց: Ես այլևս չդիմանալով նախատինքներին` ստիպված եղա կախվել»: Մինչ դեպքի վայրում քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից զննություն էր կատարվում` Վաղարշապատի ոստիկանները` բաժնի պետ Ա. Մկրտչյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ պարզել են, որ Անիկը հանդիսանում է Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնաչուհի, 53-ամյա Անիկ Թամարյանը, ով հրավիրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածն ու Անիկը ինչ-որ բանկից վարկեր են վերցրել և միմյանց նկատմամբ ունեցել են վարկային պարտավորություններ, սակայն ինքնասպան եղած կինը վարկային պարտավորությունները ուշացրել է, ինչի համար Անիկը նախատինք է տվել նրան, որից հետո էլ, ըստ մահացածի գրածի` ինքը ինքնասպան է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի ժամը 14:00-ից մինչև մարտի 23-ի 18:30-ն ընկած ժամանակահատվածում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!