Արարատյան դաշտում ծիրանենին ցրտահարվեց



Երեկ առավոտյան արդեն պարզ դարձավ, որ Արարատյան դաշտում ծիրանենիների մի զգալի մասը ցրտահարվել է: Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչեւ առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5.6 աստիճան: Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, եւ այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը եւ ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տալ չեն կարող:

Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը ինչպես նաեւ առաջիկա մեկ երկու գիշերներին նույնպես օդի ջերմաստիճանը ցածր կլինի զրոյից, գուցե ավելի շատ, քան անցած գիշեր: «Այսօր սպասվում է ուրտ հոսանքների ներխուժում Հայաստան, եւ այսօր եւ վաղը սպասվում է ավելի ցուրտ եղանակ»,- երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: Վերջինս նաեւ հորդորել է «ծխապատումն ու ոռոգումն անպայման իրականացնել», սակայն դա, ինչպես նշեցինք, դժվար թե արդյունք տա:

Մի խոսքով, կարելի է այլեւս արձանագրել, որ այս տարի մասնավորապես ծիրանի բերքը շատ ավելի համեստ է լինելու, քան անցած տարի: Իսկ անցած տարի Հայաստանում հավաքվել էր մրգի ռեկորդային բերք, որի արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել էր մոտ 12 տոկոս: Այսպիսի առատ բերքը ստացվել էր հենց բնակլիմայական աննախադեպ բարենպաստ պայմանների շնորհիվ: Ցավոք, այս տարի նման արդյունք այլեւս սպասել պետք չէ:

Ավելի բարձրադիր գոտիներում մրգատու ծառերը դեռ չեն ծաղկել, ինչը հույսեր է ներշնչում, որ մրգերի արտառոց դեֆիցիտ այս տարի Հայաստանում չի լինի, ինչպես եղավ 2014 թվականին: Մնում է միայն հուսալ, որ այս տարի գոնե կարկուտը չի վերացնի մնացած բերքը:

Նշենք, որ այս օրերին սպասվող ցրտահարությունը կարող է վնասել նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների սածիլներին, որոնք ներկայումս աճում են թաղանթների տակ: Այս դեպքում, սակայն, վնասը անվերականգնելի չէ: Գյուղացիները կարող են կրկին սածիլներ աճեցնել եւ դա ընդամենը մոտ մեկուկես ամսով «հետ կգցի», ասենք, լոլիկի, պղպեղի, սմբուկի բերքը:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!