Ընդդիմության նկատմամբ «անտարբերությունը»



Կայացած ժողովրդավարական երկրների համար ընդդիմության նկատմամբ «անտարբերությունը»՝ որպես առանձնահատուկ քաղաքական երևույթի, տրամաբանական է: Այդ դերում հայտնված կուսակցության համար դա ավելի թեթև ու քիչ պատասխանատու ժամանակավոր մի շրջան է: Իհարկե, դա չի նվազեցնում ընդդիմության քաղաքական դերակատարության կարևորությունը, քանզի ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգի զարգացման և այլասերումը զսպող կարևորագույն գործիքներից մեկը խորհրդարանական ընդդիմությունն է: Դա քաղաքական ուժերի համար եզակի դիրք է, որն ընդդիմությանը թույլ է տալիս լինել իշխանության մաս և միաժամանակ աշխատել իշխանության դեմ: Այդ եզակի դիրքը միաժամանակ թելադրում է ընդդիմության միակ ֆունկցիան՝ իշխանության անվտանգության պատասխանատվությունը, և միակ գործիքը՝ պաշտոնական տեսակետին այլընտրանքային տեսակետ արտահայտելու լիարժեք հնարավորությունը:

Այս ամենը գործում է նաև հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում: Այդուհանդերձ, այդ երկրներում ընդդիմության վարքն ունի իր առանձնահատկությունները՝ պայմանավորված դեռևս չհաստատված հասարակական-քաղաքական հարաբերություններով, չձևավորված քաղաքական մշակույթով ու ավանդույթներով: Նման պայմաններում ընդդիմությունն իրեն զգում է քիչ պաշտպանված, կարող է դիմել ծայրահեղ քայլերի` երբեմն նաև ոտնահարելով ու վտանգի տակ դնելով ժողովրդավարությունը:

Կառավարող և ընդդիմադիր կուսակցությունների հարաբերությունների հասունությունից, երկխոսության կառուցողական բնույթից է մեծապես կախված քաղաքացիական հասարակության մակարդակն ու հասարակական հարաբերությունների մթնոլորտը: Ավելին, ժողովրդավարության կայացածության ցուցանիշ կարող է դիտարկվել ընդդիմության ինստիտուցիոնալացումը և լիարժեք ձևավորումը՝ որպես որոշակի կառուցվածք և գործառույթներ ունեցող ինստիտուտի: Այդ դեպքում կուսակցությունները դրսևորվում են ոչ այնքան առաջնորդի գրավչությամբ, որքան կազմակերպության հատկանիշներով՝ պատմություն, տեղական կառույցներ, գաղափարախոսություն, քաղաքական գործունեության կայուն նորմեր: Ընդդիմության գործունեությունը կարող է բնութագրվել նրա քաղաքական հնարավորությունների մակարդակներով. քաղաքական նախապատվությունների ձևակերպում, դրանց ներկայացում հասարակությանն ու կառավարությանը, ազդեցություն կառավարության քաղաքականության վրա:

Ընդդիմությունը որպես քաղաքական գործունեության ձև ընտրած քաղաքական ուժը պետք է իր տեղը ճշտի՝ «մինչև որ աստիճանը լինել ընդդիմադիր և ինչ միջոցներ օգտագործել»: Եթե ընդդիմությունն իրեն չի հակադրում գործող ռեժիմին և չի առաջարկում այլընտրանքներ՝ խոստանալով դրանք կյանքի կոչել, քաղաքական ինստիտուտները մնում են թույլ: Իսկ եթե ընդդիմությունը գործում է ավելի քան վճռական, ապա վտանգի տակ կարող է հայտնվել ժողովրդավարությունը: Այդ միջակայքում ընդդիմության տեղը որոշվում է ըստ ընդդիմադիր կուսակցությունների գաղափարական և կազմակերպչական աճի և քաղաքական ռազմավարության: Վերջինս կարելի դասակարգել երեք խմբի. ելք կամ «փոքր գործեր», բողոք՝ զանգվածային մոբիլիզացիա, և լոյալություն՝ «առևտուր» իշխող խմբի հետ և հետագա սերտաճում:

Ցավոք, հայաստանյան ընդդիմության պարագայում երեք մակարդակներն էլ թույլ են արտահայտված և կարելի է համաձայնել այն պնդման հետ, որ ՀՀ-ում առայժմ առկա չէ ինստիտուցիոնալացված ժողովրդավարական քաղաքական ընդդիմություն. ընդդիմադիր ուժերի մեծ մասը չունիեն կազմակերպչական ամբողջականություն, զարգացած ենթամիավորումներ, ֆորմալ և կայուն նորմեր, հստակ սոցիալական հիմքեր: ՀՀ քաղաքական դաշտում հանգամաքներն այնպես են դասավորվել, որ դաշտում գործող կուսակցություններն ու անհատ գործիչների մի զգալի մասը իրեն տեսնում է միայն ընդդիմադիր դաշտում, այս երևույթը, իհարկե, զուրկ է քաղաքական հիմնավորումից, քանի որ քաղաքական համակարգի առողջ աշխատանքի ու հետադարձ կապի համար զուտ անձնական սուբյեկտիվիզմը և շահադիտական ամբիցաները բավարար հիմքեր չեն: Եթե սրան ավելացնենք նաև սկզբունքների և գաղափարախոսություն բացակայությունը կամ լղոզվածությունը, ծրագրերի մակերեսայնությունը, ապա պատկերը կդառնա ամփոփ:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!