«Սերժ Սարգսյանը` Բակո Սահակյանի հետ փրկեցին հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից»



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Որոշ հատվածներում հակառակորդը շարունակում է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը: Ստեղծված իրավիճակը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռուսաստանաբնակ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ գնահատմամբ` անտանելի է, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
«ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ Է»
– Մեր գլխավոր թշնամին` այդ մեծ ստախոս Ադրեբեջանի նախագահ Ալիեւը, միշտ էլ սադրանքներ է հրահրում, երբ ինչ-որ տեղ մեկնում է, կամ երբ ինչ-որ մեկը գալիս է իր մոտ: Սակայն Ղարաբաղյան ժողովուրդը էլի մի կերպ Աստծո շնորհիվ եւ զորքի ուժով կարողացավ փրկվել մի երկրի ցեղասպան գործողություններից, որ կոչվում է Ադրբեջան: Բայց նրանք խելացի քաղաքականություն ունեն եւ բոլոր նախագահներին ասում են, թե` տեսեք հայերը հարձակվել են մեզ վրա եւ ստիպված ենք պատասխանել: Ու բոլորը հավատում են նրանց: Բայց ինչպե՞ս կարող էին հայերը հարձակվել, եթե իրենց տարածքում չի եղել ոչ մի հայկական տանկ: Իսկ մեր տարածքում հայտնվել են թշնամու տանկերն ու իրենց դիակները: Հիմա ո՞վ է ում վրա հարձակվել: Սակայն ոչ ոք դրանով չի զբաղվում, մեր դիվանագիտությունն էլ կաղում է: Իսկ իրավիճակը մնում է պատերազմական:
«ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ՊԱՐՏԱԴՐԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»
– Պարոն գեներալ, հետաքրքիր է Ձեր տեսակետը, թե ո՞վ հրահրեց Ալիեւին` դիմել նման գործողությունների:
– Իհարկե` Թուրքիան: Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն եկել էր Բաքու եւ հրամանն էլ տվել: Այս ամենն առաջին հերթին Ռուսաստանի դեմ էր, որովհետեւ նա ոչնչացրեց Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում, եւ հիմա Թուրքիան ամեն ճանապարհով փորձում է "կծել" Ռուսաստանին: Եվ վերջապես, Ադրբեջան կոչվածը Թուրքիայի երկրորդ հանրապետությունն է, ոչ ավել: Եվ նրանք հատուկ թուրքական զենք չեն կիրառել, որ ոչ ոք չասի, թե Թուրքիան է այս ամենի հետեւում կանգնած: Արդյունքում Ալիեւը ցույց տվեց, թե` տեսեք Ռուսաստանը պաշտպանում է մեզ: Հետեւաբար, ամեն ինչ կապակցված է այստեղ, որը ղեկավարում է Թուրքիան, եւ որի զոհը դարձավ Հայաստանը:
– Ըստ Ձեզ` այսօր քիչ թե շատ պահպանվող հրադադարը ո՞ւմ ջանքերի արդյունքն էր` հաշվի առնելովխաղաղության վերականգնման ռուսական կողմի ակտիվությունը:
– Ոչ մեկն էլ ջանքեր չի գործադրել, այլ ուղղակի եղել են տարբեր երկրների նախագահների հայտարարություններ, որոնք պարտավոր էին անել: Իսկ հրադադար հաստատվեց այն ժամանակ, երբ ադրբեջանական ագրեսիան ստացավ լավ հակահարված: Թուրքիայի նախագահ Էրդողանը շտապեց զանգահարել Ալիեւին եւ իր ցավակցությունը հայտնել` պաշտպանելով նրա հարձակողական գործողությունները: Իսկ մյուս նախագահները երկու կողմերին խնդրում են դադարեցնել կրակը` հավասարություն դնելով ագրեսորի եւ պաշտպանվողի միջեւ, ինչն անարդար էր: Զինադադարը, պարզապես, պարտադրեց հայ զինվորը: ՀՀ պաշտպանության նախարարը եւ շտաբի պետը ուղղակի խղճացել են երիտասարդ ադրբեջանցիներին եւ չեն ոչնչացրել նրանց: Մինչդեռ պետք էր կործանել նրանց ամբողջ ենթակառուցվածքները, որովհետեւ նրանք չխղճացին, այլ սպանեցին մեր հերոս տղաներին: Սա իմ տեսակետն է` որպես ռազմական փորձագետ:

«ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԵԼ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲ ԱՐՏԱԴՐԵԼՈՎ»

- Ի դեպ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը նամակով դիմել է աշխարհասփյուռհայազգի գեներալներին եւ ռազմական փորձագետներին` հավաքվել Երեւանում` հայության առաջ ծառացածխնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:
- Շնորհակալ եմ նրան այդ նախաձեռնության համար: Նա, իսկապես, ռազմական մեծ ուղի անցած, հայրենասեր անձնավորություն է եւ իմ ընկերը: Բայց, ասենք, գեներալները եկան եւ ի՞նչ: Բանակը պետք է լինի մարտունակ, զինված եւ ղեկավարվի խելացի: Ինչեւէ, համենայնդեպս, ես հրավեր չեմ ստացել: Մինչեւ ապրիլի 1-ը Հայաստանում եմ եղել, հաջորդ օրն իմացա, որ հարձակվել են... Հինգ օր Հայաստանում էի, խոսել եմ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ, ասացի բարեւներ փոխանցեք պաշտպանության նախարարին` ակնարկելով, որ Հայաստանում եմ: Իրենք անգամ չասացին` պարոն Տեր-Գրիգորյանց, կամ` այ սատանա, քանի որ այստեղ եք, եկեք հանդիպենք, խոսենք: Բայց չէ՞ որ ես կապ ունեմ մեր բանակի, հայրենիքի հետ, ես «դունդուկ» գլխով մեկը չէի, այլ ռազմական փորձագետ, ով մեծ ներդրում է ունեցել Զինված ուժերի զարգացման գործում: Այնպես որ, ողջունելի է Ա. Տեր-Թադեւոսյանի հրավերը, բայց սա պաշտոնական հրավեր չէ պետության կողմից, այլ հայրենասիրական քայլ: Ո՞ւմ համար է նորություն, որ մենք բոլորս էլ պատրաստ ենք` հանուն մեր հայրենիքի:

– Եվ որպես վերջաբան` ինչպե՞ս եք տեսնում Արցախյան հիմնախնդրի ելքը այս իրավիճակից:

– Ելքը պետք է որոշեն միմիայն հայկական զինված ուժերը եւ մեր դիվանագետները, որոնք պետք է աշխատեն լավագույնս` պարոն Նալբանդյանի գլխավորությամբ: Այսօր պրոադրբեջանական մի թերթում կարդացի, թե Հայաստանը գլխավորում է ահաբեկիչ նախագահը: Կներեք, բայց մեր դիվանագետները պետք է ասեն, որ Սերժ Սարգսյանը` Բակո Սահակյանի հետ փրկեցին հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից, որն ուզում էր իրականացնել Ադրբեջանը: Ավելին` այսօր Սերժ Սարգսյանը հերոս է համաշխարհային մակարդակով, որ կարողացավ կանխել դա: Ինչ վերաբերում է հարցի լուծմանը, ապա հավատացած եղեք, որ ինչ էլ լինի Ղարաբաղի ժողովուրդը ոչ մի տեղ չի գնա, դա մեր հողն է եւ վերջ: Ուստի` մենք պետք է ուժեղանանք, պետք է զինվենք: Հարյուր տարի է ատոմակայան ունենք, էլ ինչի՞ համար է, պետք է պաշտպանվել, պարոնա՛յք, նույնիսկ ատոմային ռումբ արտադրելով:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!