7 գաղտնիք, թե ինչպես յուղոտ ու բշտիկներով մաշկը դարձնել առողջ ու գեղեցիկ



1. Դեմքի խնամքի միջոցներից դժգոհության հիմնական պատճառները


Հիմնական պատճառներից մեկը դրանց սխալ ընտրությունն է: Յուղոտ մաշկի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները պետք է ապահովեն ցայտուն արտահայտված հակաբորբոքային ու հականեխիչ ազդեցություն՝ վերացնելով բորբոքումները և կանխելով երկրորդային վարակների զարգացումը, ինչպես նաև պետք է նվազեցնեն մաշկի լայնացած ծակոտիները՝ կանոնավորելով ճարպագեղձերի գործունեությունը։ Հիշե՛ք այդ մասին յուղոտ մաշկի խնամքի համար կոսմետիկ միջոցներ ընտրելիս: Միայն խնամքի միջոցների օգտագործումից մի՛ սպասեք արագ ու ակնհայտ փոփոխություններ, քանի որ խնդրահարույց մաշկի դեմ պայքարում անհրաժեշտ է ոչ միայն կիրառել համապատասխան քսուքներ, այլև անցնել մասնագիտական բուժման:

2. Շպարը մի՛ կիրառեք որպես բշտիկները թաքցնելու լավագույն տարբերակ

Մաշկի բորբոքային երևույթները կամ բշտիկները շպարի միջոցով թաքցնելը մեր օրերում շատ է տարածված. պատճառը հասկանալի է: Սակայն շատերը մոռանում են, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և շպարի տևական ընթացքը նպաստում է բորբոքային երևույթների առաջացմանը՝ հետագայում հանգեցնելով ակնեի, ինչը ժամանակին չկանխելու դեպքում առաջանում են մի շարք լուրջ խնդիրներ:

3. Մի՛ սեղմեք մաշկին առաջացած բորբոքային բշտիկները

Շատ -շատերին է ծանոթ, երբ ամենաանհարմար ժամանակ և ամենատեսանելի տեղում հանկարծ հայտնվում է մի զզվելի պզուկ։ Իսկ եթե ոչ միայն մեկը, այլև մի քանի՞սը։ Տվյալ դեպքում առանց ձգձգելու դիմե՛ք բժշկի օգնությանը և լուծե՛ք ակնեի խնդիրը, քանի որ դրա անտեսումը իսկական մղձավանջ ու հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ ցանկացած մարդու համար։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Կա նաև տարածված կարծիք, որ ակնեն միայն դեռահասների խնդիրն է, բայց ասեմ, որ այս հիվանդությամբ տառապողների զգալի մասը տարեց մարդիկ են։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ շատ դժվար է դիմանալ անսպասելի և անհարմար տեղում առաջացած բորբոքային բշտիկներին, սակայն դրանք սեղմելուց առաջ միշտ հիշե՛ք, որ բորբոքային բշտիկները սեղմելով՝ տվյալ հատվածներում կարող եք առաջացնել վերքեր, որոնք հետագայում կվերածվեն սպիների։ Մի՛ մոռացեք այդ մասին, սակայն եթե արդեն իսկ սեղմել եք բորբոքային բշտիկները, անիջապես կիրառե՛ք ախտահանիչ միջոցներ՝ կանխելու դրանց տարածումը:



4. Ախտահանե՛ք դիմահարդարման պարագաները

Ժամանակ հատկացրեք դիմահարդարման համար նախատեսված վրձիններն ու բարձիկները մշտապես մաքրելուն ու ախտահանելուն, քանի որ նրանց վրա կուտակվում են բազմաթիվ մանրէներ, որոնք ժամանակի ընթացքում ևս կարող են բորբոքային բշտիկների առաջացման պատճառ դառնալ:


5. Ժամանակի՛ն դիմեք բժշկի օգնությանը

Եթե տեսնում եք, որ 2 շաբաթվա ընթացքում մաշկի բորբոքային բշտիկները կրկնվում են, ապա անհապաղ դիմեք բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Մի՛ մոռացեք, որ ակնեն մաշկի բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է ճարպագեղձերի խցանում։ Իսկ կուտակված արտազատուկը` մաշկի ճարպը, աստիճանաբար վերածվում է բորբոքման՝ առաջացնելով թարախային բշտիկներ ։ Բորբոքված բշտիկները թողնում են հետքեր` քերծվածքներ, փոսիկներ, անցքեր, լայնացած ծակոտիներ, որոնք խախտում են մաշկի հարթ ծավալը։ Բշտիկային ցանի այդ հետևանքները կոչվում են պոստակնե և պահանջում են առանձին բուժում։ Հիշե՛ք՝ակնեի բուժումը սկսվում է բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից, և այս հիվանդության դեմ վաղ շրջանում առավել հեշտ է պայքարել, քանի որ կարող ենք շրջանցել բոլոր անցանկալի երևույթները:

6. Մի՛ չարաշահեք կոսմետիկ միջոցների օգտագործումը

Յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցների չարաշահումը առաջացնում է մաշկի չորություն և այրվածքներ: Եթե ինքնուրույն եք ընտրում մաշկի խնամքի համար նախատեսված այս կամ այն կոսմետիկ միջոցը, պարտադիր կարդացե՛ք բաղադրությունը, նշանակությունը, օգտագործման կանոններն ու թույլատրելի չափաբաժինը:


7. Հանգի՛ստ պահեք նյարդերը

Հասկանում եմ, որ ավելի հեշտ է ասել, քան անել, բայց չպետք է մոռանալ, որ սթրեսի հորմոնները նպաստում են ճարպի առաջացմանը, որն էլ խցանում է մաշկի ծակոտիները՝ հանգեցնելով բորբոքային բշտիկների: Փորձեք կառավարե՛լ նյարդերը և ավելի հանգիստ լինել առօրյայում, և ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!