«Բլինդաժը» փլվել է, տղաները մահացել են.


Մայիսի 3-ին Արցախի զորամասերից մեկում հայտնաբերվել էին 2 զինծառայողների՝ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի դիերը: 19-ամյա Իգոր Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից էր: Hraparak.am-ի հետ զրույցում գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը նշեց, որ Իգորն ունի երկու քույր եւ մեկ եղբայր, նա 8 ամսից կզորացրվեր. «Շատ բարեկիրթ, լավ տղա էր: Իրենք երեք երեխա են, սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Մայրն ու հայրը աշխատանք չունեն»,-ասաց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը: Հարցին, թե ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, գյուղապետն ասաց. «Արդեն հստակ գիտենք, բլինդաժը փլվել է, տղաները մահացել են»:

Տեղեկացրել էինք, որ մյուս մահացած զինծառայողը` 19-ամյա Կորյուն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքից էր, 6 ամիս անց պետք է զորացրվեր: Գեղամասարում գյուղացիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ «բլինդաժը» փլվել է հակառակորդի հարվածից, հենակետում 4 զինծառայող են եղել, որոնցից 2 մահացել են, 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ 03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!