13-ամյա տղան հաց է թխում, խմորեղեն պատրաստում, ճաշ եփում, կար անում և երազում, որ մայրը տեսնի



«Երազանքնե՞ր… Կարևորը մամաս տեսնի, մնացածը մենք կանենք»: Սա 13-ամյա կապանցի Կարենի երազանքն է:

Խոհանոցում երկուսով զրուցում ենք: Կարենն անընդհատ ժպտում է: 4 տարի է՝ մայրը կորցրել է տեսողությունը, տան գործերը հիմնականում ինքն է անում՝ հաց է թխում, խմորեղեն է պատրաստում, ճաշ է եփում, կար է անում… Մի անգամ թխվածք էր թխել, տարել դպրոց:

Կարենի դեմքին հոգսերի հետքեր չեք գտնի: Նա խոսում է ամաչելով, բայց ոչ խեղճացած: Խոհանոցում հին սպասքապահարանն է՝ մի քանի բաժակ-ափսեներով, մի հին սեղան, մի աթոռ ու տախտակ, որը հարմարեցված է նստելու համար: Կարենը նստում է այդ տախտակին, ես՝ աթոռին: Հարցնում եմ՝ ո՞նց է անցնում օրը, ուսերը վեր է քաշում, թե՝ սովորական: Պահարանի վրա սրբիչով փակել է հացի խմորը. «Մամաս ասում է՝ ինչ լցնեմ, ինչ անեմ, ես խառնում եմ, հետո դնում եմ գազի մեջ»:

Կարենը սովորել է սվաղ անել, մեր գնալու պահին պատրաստվում էր լվացարանը տեղադրել: «Ամեն ինչ չէ, որ կարողանում եմ անել, դռելով-բանով աշխատում եմ, բայց բալգարկայով դեռ չեմ կարողանում»,- նշում է տղան, հետո բացատրում, որ «բալգարկայով» երկաթը պիտի ուղիղ կտրի, եթե ուղիղ չկտրի, կվնասի իրեն: Դրա համար առայժմ վախենում է աշխատել այդ գործիքով:


Բակում, ասում է, չի ուզում, որ երեխաներն իր մասին վատ բան մտածեն. ասեն՝ մամայի բալիկ է, օգնում է մամային: Բայց, շարունակում է, ուրիշ ելք չունի: Դպրոցից հետո Կարենը մնում է խնամքի կենտրոնում: Միայն շաբաթ-կիրակի օրերին է տուն գալիս: Այդ ընթացքում տան գործերն անում են բարեկամները: Դե, նրանք էլ իրենց հոգսերն ունեն, շատ ժամանակ, օրինակ, Շիկահողում ապրող քույրը չի կարողանում գալ, երեխաներ ունի, ընտանիք է պահում: Բոլորին էլ հասկանում է, և ասում է՝ շնորհակալ է, որ օգնում են իրենց:

Կարենը հաճախ բակից ծաղիկներ է բերում մոր համար: Մայրը՝ Լուսինե Առուստամյանը, ասում է. «Երբ Կարենչիկը ծաղիկ է բերում, բացատրում է ձևը, գույնն է ասում, հետո թե՝ մամա, հոտ քաշի»: Հեռուստացույցի մոտ և պատուհանագոգին վարդեր են դրված: Դրանք էլ է Կարենը բերել: Մայրը երբեմն խնդրում է տղային, որ ուրիշի այգիներից կամ բակից ծաղիկներ չպոկի, գողության պես բան է, բայց Կարենն ասում է՝ ի՞նչ անենք, ծաղիկ է: «Ասում է՝ մամ, բերում եմ, որ դու ուրախանաս, ի՞նչ է դառնում որ»,- նշում է Լուսինեն:

Երբ հյուր են գնում, մայրը պատմում է, որ Կարենն ամեն ինչ անում է, որ ինքը գեղեցիկ տեսք ունենա: «Ինքն է իմ ձեռքերի, ոտքերի մանիկյուրը քսում: Տեղ գնալուց ասում է՝ մամա, պիտի աշխարհի ամենասիրուն մաման լինես…»,- նկատում է 42-ամյա կինը:



Նախորդ տարի Կարենը նամակ է գրել ՀՀ նախագահին՝ խնդրել, որ օգնեն մոր տեսողությունը վերականգնել: Հաշվարկել են՝ վիրահատությունը 2 միլիոն դրամից քիչ ավել է:

Կարենը քսակ է կարում, մենք հետևում ենք նրան: Մայրը ցանկանում է, որ որդին զինվորական դառնա, Կարենի սրտով չէ: Ասում է՝ ինքն ուզում է առաքիչ դառնալ: Ծիծաղում ենք: Որոշ ժամանակ Կապանում առաքիչ է աշխատել, Լուսինեի ընկերուհին է օգնել այդ հարցում:

«Կարենչիկը շատ է սիրում լողավազան գնալ, որ թոշակս կամ նպաստը ստանում եմ, փող եմ տալիս, որ գնա լողավազան»,- նկատում է մայրը: Կարենից հարցնում եմ՝ լա՞վ է լողում, պատասխանում է՝ այո, հետո ժպտում:

«Ես երազում եմ, որ տղայիս դեմքը տեսնեմ: 4 տարի է անցել, մեծացել է Կարենչիկը, ուղղակի պատկերացնում եմ դեմքը: Մտածում եմ, որ սիրուն տղա է»,- սա ասելուն պես ձայնը խզվում է, ակնոցի տակից արցունքներ են հոսում:

Կարենը կարի մեքենայով կար է անում: Մայրն ասում է. «Կարենչիկ, մի հատ թութաջաղ (բռնիչ) կարի, կակռազ չունենք»: Տղան կարի մեքենայի ասեղն է թելում, մոր հուզմունքից ազդվում է. «Մամա՛, հանգստացի՛ր»:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!