Վարդավառ


Այս տոնին սովորություն կա ժողովրդի մեջ աղավնիներ թռցնելու և միմյանց վրա ջուր ցողելու, որը գալիս է Նոյ նահապետի օրերից, ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն:

Քրիստոնեական լուսավոր Գրքերից իմանում ենք, որ այս տոնն օրենքներով ու մարգարեություններով չի նկարագրված, այլ հետագայում՝ Քրիստոսի միջոցով երևաց և դրա կատարումը հանդերձյալում է լինելու, քանզի սա գալիք՝ ութերորդ անվախճան օրվա պատկերն է, որը սկզբնավորվում է դատաստանի ատյանից: 
Մյուս տոների պատճառները շոշափելի կերպով են երևում, ինչպես օրինակ Ծննդյան, Հարության և այլն, որոնց մասին օրենքներում և մարգարեություններում ասվեցին, իսկ այսօրվա սքանչելիքների փոքր մասն անգամ չկարողացան տեսնել աշակերտներն իրենց կիսաբաց աչքերով, քանի որ թմրած ընկել էին իրենց երեսների վրա: Թաբոր լեռան վրա Տերը նրանց հանդերձյալ փառքը ցույց տվեց, սակայն նրանց ո՜չ աչքը տեսավ, և ո՜չ ականջը լսեց: Ահա այդ պատճառով են բացակայում ընթերցվածներն օրենքներում և մարգարեություններում: Հոգեգալուստից հիսուն օր անց, Սուրբ Հոգու հրամանով և առաքյալների հավանությամբ, Պետրոս առաքյալը Հակոբոս Տյառնեղբորը ձեռնադրեց Երուսաղեմի առաջին եպիսկոպոս և քահանայապետ: Մինչ այդ օրն առաքյալները չգիտեին նոր քահանայության մասին և հնով էին վարում, իսկ այդ օրը Սուրբ Հոգուց հրաման ստացան փոխել ղևտական քահանայությունը քրիստոնեական քահանայությամբ, քանզի մինչ այդ օրը Քրիստոսի Մարմինն ու Արյունը չէր պատարագվում:
  • Հարց. - Ինչո՞ւ ենք այս տոնը Վարդավառ կոչում:
  • Պատասխան. -Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը:
Վարդը փշերի մեջ է բուսնում, այդպես էլ մեր տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան: Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան խոր քնի մեջ:
Իսկ նախնիներն այդ տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ո՜չ իր գեղեցկությունը և ո՜չ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես քաղցրությունից շարժվելով փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ ինչպես կոկոն և ապա ծնվելով՝ աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ հայտնվեց մարդկանց՝ նշաններով ու սքանչելիքներով:
Տերը մարմնի վարագույրով ծածկվելով ինչպես կոկոն, այսօր բացվելով հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:
Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին»: Եվ դա ըստ այս խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է՝ տասը հազարից» (Երգ Ե 10): Այսօր առաքյալները կարգվեցին ուսուցիչ ու վարդապետ ողջ աշխարհի համար, և Տերն այսօր համբերության ու աղքատության դաս տվեց աշակերտներին Մովսեսի ու Եղիայի միջոցով, որպեսզի աշակերտները նրանց նման լինեն:
  • Հարց. -Ինչո՞ւ ենք Վարդավառը տոնում Հարությունից ու Համբարձումից հետո, քանզի Տերը խաչելությունից քառասուն օր առաջ պայծառակերպվեց:
  • Պատասխան. -Քանզի Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (տե՜ս Մատթ. ԺԷ 9), այդ պատճառով Հարության տոնը կատարելուց հետո ենք Վարդավառը տոնում:
Այն բանից հետո, երբ մեռելները հարություն առան, մտան քաղաք և շատերին հանդիպեցին, ժողովուրդը հավատաց, որ Վարդապետը բերել է Եղիային և Մովսեսին հարություն է տվել: Իսկ երբ տեսան կատարվածները. երկրաշարժը, արեգակի խավարումը, Տիրոջ Հարությունը և Սուրբ Հոգու գալուստը, հավատացին, որ Տերը պայծառակերպվել է:
Հարց. -Ինչո՞ւ այս տոնի համար Հակոբոս Տյառնեղբայրը և Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետը ընթերցվածներ չեն կարգել, ինչպես մյուս տոների համար արեցին:
Պատասխան. -Պատճառը այն է, որ մենք կարողանում ենք խորհրդաբար հաղորդվել Տիրոջ ծննդյանը, մահվանն ու հարությանը, իսկ Պայծառակերպությանը հանդերձյալում ենք հաղորդվելու: Տիրոջ ծննդյամբ, մկրտությամբ, մահվամբ ու հարությամբ նորոգվեց մեր բնությունը, իսկ այլակերպությամբ՝ մեր բնության հանդերձը, քանզի Այլակերպության օրը Քրիստոս դեն գցեց մեր հնացած ձորձերը և մեր բնությունը զգեստավորեց հայրենի լուսեղեն պատմուճանով, որը հանդերձյալում ենք վայելելու, իսկ այստեղ ստանում ենք դրա հույսի առհավատչյան և այս տոնով նշում հանդերձյալի հիշատակը: Ինչպես արքայության մասին ասվեց. «Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց Իր սիրելիների համար» (Ա Կորնթ. Բ 9), այդպես էլ աստվածային փառքի կերպարանքն է անտեսանելի մեր աչքերին, որը աշակերտներն անգամ կիսաբաց աչքերով տեսան: Այդ պատճառով էլ ոչ թե գրի տեսությամբ, այլ հավատով մեզ ավանդվեց:

Отправить комментарий
Շնորհակալություն Մեկնաբանելու Համար!